«ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ անձնակազմն այս անգամ էլ այցելեց կազմակերպության անդամ հանդիսացող «Լիկվոր» ընկերություն: Ընկերության գլխավոր տնօրեն` Սերգեյ Մաթևոսյանը և Թագուհի Փիրուզյանը խոսեցին ընկերության գործունեության և ձեռքբերումների մասին: Որակի հսկման և ապահովման մենեջեր՝ Գայանե Պեպանյանը, ներկայացրեց ընկերության կազմավորման պատմությունը, մեզ հետ միասին շրջեց տարածքով՝ ներկայացնելով «Լիկվոր» ընկերության արտադրանքը: Նշենք, որ ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռևս 28 տարի առաջ և այսօր մենք ականատեսն ենք մի արտադրամասի, որն ի սկզբանե կառուցվել և գործել է ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն) պայմաններին համապատասխան: Ընկերությունը հագեցած է արտադրության համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և ժամանակակից մանրէաբանական լաբորատորիայով: Ընկերությունում արտադրվում է 60 անուն դեղորայք՝ հիմնականում ներերակային, ներմկանային, ներարկման և ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ: Ընկերությունն ունի արտահանման բարձր ցուցանիշներ և իր արտադրանքի 70%-ից ավելին արտահանում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: