ՀՀ դեղ արտադրող ընկերությունները միավորված գործունեություն են ծավալել դեռևս 2003 թվականից` դեղ արտադրողների և ներմուծողների միության շրջանակներում (ԴԱՆ Միություն): ԴԱՆ միությունը մեկտեղելով ներմուծողների և արտադրողների ջանքերը սատարել է հայրենական և հեռանկարային դեղագործության զարգացմանը։ 2019 թվականին դեղ արտադրող ընկերություններն առանձնանալով ներմուծողներից, հիմնադրեցին հասարակական կազմակերպություն, որը նպատակաուղղված է կենտրոնացնել տեղական դեղ արտադրողների հիմնահարցերը, միտված է դեղագործության ոլորտի բարելավմանն ու տեղական դեղ արտադրողների շահերի պաշտպանությանը: 2019 թվականի ապրիլի 19-ին դեղ արտադրող ընկերությունները հիմնադրեցին «ՀՀ դեղ արտադրողների միություն» (ArPharMa) հասարակական կազմակերպությունը: Ներկայումս կազմակերպության անդամ են հանդիսանում ոլորտի 9 դեղագործական ընկերություն, որոնք ապահովում են դեղերի արտադրության ընդհանուր ծավալի զգալի մասը: Միության անդամ են հանդիսանում «Ազադ», «Արփիմեդ», «Էյ Լաբ Ֆարմասյութիքալս», «Էսկո-Ֆարմ», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Նոյմեդ», «Տոնուս-Լես», «Լեյկո-Ալեքս» ընկերությունները: Միությունը, որդեգրելով «Որակյալ դեղորայք առողջ սերունդ» կարգախոսը, կարևոր է համարում Հայաստանում դեղերի արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, դեղագործական ընկերությունների շահերի պաշտպանությունն, օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացումը, պետական և ոչ պետական կառույցների հետ փոխադարձ կապի ապահովումը, հայկական շուկայի զարգացումն, առաջխաղացումը և ինտեգրումը միջազգային շուկային: