ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ՀՀ դեղ արտադրողների միության անդամ ընկերությունների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության այլ միջոցառումների։ Կողմերը քննարկել են ոլորտի զարգացման հնարավորությունները, դեղագործական ոլորտում իրականացվող պետական տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային միջավայրի դիվերսիֆիկացմանն ու բարելավմանը միտված քայլերը։ Երկուստեք ընդգծվել է արտաքին շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և միջազգային պահանջարկը բավարարելու համար արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է պետության և մասնավոր հատվածների սերտ համագործակցության կարևորությունը՝ երկրի տնտեսական միջավայրի բարելավմանը նպաստելու շրջանակներում։