Հունիսի 30-ին Երևանում մեկնարկեց «ChemEx2022 – Քիմիա. Դեղագործություն. Բիոտեխնոլոգիաներ. Նոր մարտահրավերներ» ֆորումը, որը կազմակերպվել էր «Քիմիական էքսպերտ» ամսագրի կողմից: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Մաժուգան, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Դեղերի և պատշաճ գործունեության պետական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Շեստակովը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին նոր պայմաններում դեղագործական արդյունաբերության զարգացման խնդիրները, ԵԱՏՄ երկրների արտահանման ներուժը, բարձր տեխնոլոգիական արտադրության հնարավորությունները, ոլորտի մասնագետների պատրաստման խնդիրները, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԵԱՏՄ համագործակցությունը։ Խոսնակների կողմից բարձրացվեցին նաև դեղագործական ստանդարտների և քիմիական ռեագենտների արտադրության հետ կապված հարցեր: Ֆորումը կազմակերպվել է Ռուսաստանի քիմիկոսների միության, Դեղերի և պատշաճ գործունեության պետական ինստիտուտի, «ՌՈՍՔԻՄՌԵԱԿՏԻՎ» միության, GxPNews-ի, «Լիկվոր» ընկերության, ՀՀ դեղ արտադրողների միության, ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ: Համաժողովի շրջանակներում ՀՀ դեղ արտադրողների միության նախագահ Թագուհի Փիրուզյանը հանդես եկավ ելույթով՝ հյուրերին ներկայացնելով հայկական դեղագործական ընկերությունների գործունեությունը և ՀՀ դեղագործական արդյունաբերության զարգացման հեռանկարները։ «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը իր ելույթում ներկայացրեց ընկերության անցած ուղին և ձեռքբերումները 30 տարվա գործունեության արդյունքում: