Դեկտեմբերի 14-ին ՀՀ դեղ արտադրողների միությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական ծրագրի թիմի հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան-քննարկում ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցություն ունեցան պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, Դեղգործակալության տնօրեն Արայիկ Բաղրյանը, Էնթերփրայզ Արմենիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և այլոք: Քննարկմանը հոլովակի ցուցադրությամբ ներկայացվեցին դեղագործության արդի ձեռքբերումները և հետագա զարգացման տեսլականը: IFC Հայաստան «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանի կողմից ներկայացվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի ներդրումային գրավչության ուսումնասիրության արդյունքները: ՀՀ դեղ արտադրողների միության անդամ Լիկվոր ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի կողմից առաջարկ արվեց ձևավորել աշխատանքային խումբ՝ պետություն-մասնավոր հատված ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակը պետք է լինի ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունն, առաջարկը պետական հատվածի հավանությանն արժանացավ: Առաջիկայում կողմերը կհաստատեն աշխատանքային խմբի կանոնակարգը, կառաջադրեն անդամ-թեկնածուների և ձեռնամուխ կլինեն դեղագործության, որպես արդյունաբերության գերակա ոլորտի, հայեցակարգի և ռազմավարության մշակմանը: