«Լիկվոր» դեղագործական ընկերության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեցին՝ R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացմամբ, որին ներկա էր նաև ԵՊԲՀ ռեկտոր` Արմեն Մուրադյանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր` ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացման: Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի և «Լիկվոր» ընկերության միջև: «Լիկվոր» ընկերությունում ստեղծվելու է ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներն անցնելու են արտադրական պրակտիկա, ուսումնասիրելու են պատշաճ արտադրական ու լաբորատոր գործունեության (GMP, GLP) առանձնահատկությունները և ծանոթանալու են արտադրության կազմակերպման գործընթացին: «Լիկվոր»-ը հիմնադրման 30-ամյակի առթիվ նաև սահմանել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան», «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակներ, որոնք ԵՊԲՀ-ի և ԵՊՀ-ի հետ համագործակցությունների շրջանակներում տրամադրվելու են Դեղագիտական ֆակուլտետի, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021թ.-2022թ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, Դեղագիտական ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրա ընդունված բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում: