Փետրվարի 26-ից 28-ը Մոսկվայում «Ադամ Սմիթ» կոնֆերանսների շրջանակում կայացավ ԵԱՏՄ և ԱՊՀ դեղագործական ֆորումը: Ֆորումի հայաստանյան ներկայացուցիչների շարքում էին՝ Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ԵԱՏՄ շրջանակներում դեղերի և բժշկական պարագաների շրջանառության ոլորտի կարգավորող՝ Տաթևիկ Երիցյանը, ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի տնօրենի տեղակալ՝ Սոնա Խաչատրյանը, «Էսկո Ֆարմ» ընկերության որակի ապահովման գծով տնօրենի տեղակալ՝ Վաղինակ Գրիգորյանը, «ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ՝ Թագուհի Փիրուզյանը: Վերջիններս հանդես եկան իրենց ելույթներով:
ՀՀ դեղ արտադրողների միության նախագահ՝ Թագուհի Փիրուզյանը, իր ելույթի ընթացքում ներկայացրեց միության գործունեության հիմնական ուղղություններն, անդամ հանդիսացող դեղագործական ընկերությունների արտադրական ծավալները և արտահանման ուղղությունները, ՊԱԳ և ԵԱՏՄ պահանջմունքներին համապատասխան ՊԱԳ սերտիֆիկացումները, Հայաստանի Հանրապետության դեղերի շուկայի և արտահանման ծավալները, դեղերի գրանցման գործընթացի կարգավորումները՝ ներքին օրենսդրությամբ և ԵԱՏՄ կանոններով, միության ձեռքբերումներն ու առաջիկա զարգացումների տեսլականը:
Հայաստանյան պատվիրակությունն ինչպես ելույթների ընթացքում, այնպես էլ կլոր սեղան-հանդիպումների ժամանակ՝ պատասխանեց առաջադրված հարցադրումներին, ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում գործունեության հնարավորությունները, հաստատեց նոր կապեր հետագա համագործակցության միտումով: