«ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը, «Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» աջակցությամբ՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, կազմակերպեց կոնֆերանս՝ «Կենսահամարժեքություն և կլինիկական հետազոտություններ» խորագրով: Կոնֆերանսին դասախոսությամբ հանդես եկավ բժշկական գիտությունների թեկնածու, ԵՏՀ դեղերի և բժշկական արտադրանքի շրջանառության կարգավորման և հավատարմագրման բաժնի ղեկավար՝ Դմիտրի Ռոժդեստվենսկին: Դասախոսությանը մասնակցեցին միության անդամ հանդիսացող դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, ԵՊԲՀ-ի ուսումնադասախոսական կազմը, դեղգործակալության աշխատակիցները: Դասախոսությունը հաղորդեց ամփոփ տեղեկատվություն կենսահամարժեքության հետազոտությունների, ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցման գործընթացի վերաբերյալ, իսկ մասնակիցները ստացան գործնականում իրենց առնչվող հարցերի պատասխանները: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Դմիտրի Ռոժդեստվենսկուն՝ բովանդակալից դասախոսություն կարդալու համար և կարևորեցին նմանօրինակ սեմինարների շարունակական լինելը: