«Լիկվոր» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1991 թվականին և եղել Հայաստանում առաջին դեղ արտադրող ոչ պետական ընկերությունը: Հանրապետական կլինիկական հիվանդանոցի դեղատան տարածքում («Արմենիա» բժշկական կենտրոն) ստեղծվում է «Լիկվոր» գիտաարտադրական ձեռնարկությունը և կազմակերպվում առաջին անհրաժեշտության ներերակային լուծույթների արտադրությունը: Ընկերության տեսականին հիմնականում ներերակային, ներմկանային ներարկման և ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ են, որոնց մեծ մասը արտահանվում են, սկած՝ 1999 թվականից: Ընկերության կողմից առաջին անգամ հետխորհրդային տարածքում մշակվել և արտադրություն է ներդրվել Moxicin® (մօքսիֆլօքսացին) ներերակային դեղամիջոցը՝ IV սերնդի ֆտորքվինոլոնի հիման վրա:
2006 թվականին առաջինն ԱՊՀ տարածքում արտադրություն է ներդրվել արյան փոխարինիչ OslaDex™ նոր պատրաստուկը հիդրօքսիէթիլօսլայի հիման վրա: 2011 թվականի հոկտեմբերին ընկերությունը բացել է իր նոր գործարանը, որը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներն և GMP պահանջներին, Կովկասում առաջինը ստանալով ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը (GMP EU): Ընկերության գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Մաթևոսյանը արժանացել է մի շարք պարգևների, որոնցից են «Մերկուրի» կառավարական պարգևը՝ հայրենական տնտեսության զարգացման մեջ ներդրման համար, 2010 թվականին Հայրենական տնտեսության զարգացման մեջ ներդրում կատարելու համար արժանացել է Հայաստանի վարչապետի ոսկե մեդալին, 2015թ.-ին՝ «Տարվա դեղագործական ընկերություն» մրցանակին: 2015 թվականի օգոստոս ամսին վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD, www.ebrd.com) և «Լիկվոր»-ը ստորագրել են խոշոր ներդրումային համաձայնագիր՝ համագործակցության մասին: ՎԶԵԲ-ը դարձել է ընկերության բաժնետեր և «Լիկվոր» ընկերությունը վերափոխվել է փակ բաժնետիրական ընկերության: «Լիկվոր» ընկերությունը ոլորտում ունենալով 28 տարիների փորձ՝ շարունակում է իր դեղերի արտադրությունն ու արտահանումն իրականացնելով խիստ վերահսկողություն ժամանակակից մանրէաբանական և փորձարարական իր լաբորատորիայում՝ ստացվող հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի նկատմամբ, լավագույնս պահպանելով և հետևելով միջազգային չափանիշներին: